Ռուսաստանի Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը չի բացառում, որ շուտով ռուսական կապիտալը կներհոսի Հայաստան, քանի որ այստեղ օրենսդրական առավելություններ կան, իսկ ավելացված արժեքի հարկի դրույքաչափը ցածր է: Նման կարծիք պաշտոնյան արտահայտեց Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 9-րդ նիստի ժամանակ:
Նրա խոսքով' ներկայում մի շարք հաջողակ ռուսական ընկերություններ գրանցվում են Ղազախստանում, ուր ավելացված արժեքի հարկը 12 տոկոս է' ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ ԱԱՀ-ն 18 տոկոս է:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ ինքնիշխանության և լեզվի հարցերին' Կրոտովը նշեց, որ այդ միության առանձնահատկություններից մեկը հավասարությունն է անդամ բոլոր երկրների ու լեզուների միջև: «Հայաստանը կպահպանի իր ինքնիշխանությունը, որի երաշխիքը կոնսենսուսն է, հավասար ներկայությունը ԵՏՄ-ում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց ռուս պաշտոնյան:
Նրա խոսքով' ԵՏՄ-ում բոլոր լեզուներն ունեն հավասար ուժ: «Իսկ ինչ լեզվով չինովնիկները կխոսեն, դա իրենց գործն է, դա երկրորդական հարց է: Հայերենը հավասար է ռուսերենին, ղազախերենին ու բելառուսերերին»,- նկատեց Կրոտովը:
Նա նշեց, որ Ռուսաստանը ցանկանում է ինտեգրվել Եվրոպայի հետ' որպես հավասարը հավասարին: «Մենք ուզում ենք' Հայաստանը ունենա այնպիսի հարաբերություններ Եվրոպայի հետ, ինչպես Նորվեգիան ունի ԵՄ-ի հետ: Դա հնարավոր կլինի, եթե Հայաստանը լինի Ռուսաստանի ու Ղազախստանի հետ, միայնակ Հայաստանը դա չի կարող անել»,-ավելացրեց նա:
Դեկտեմբերի 9-ին կայացավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 9-րդ նիստը: Նիստի ժամանակ հայ և ռուս պաշտոնյաները «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայի շրջանակներում փոխանակվեցին մտքերով: