Ֆիլիպիններում մոլեգնած «Հագուպիտ» թայֆունն անցած գիշեր լքել է «յոթ հազար կղզիների երկրի» տարածքը՝ իր հետեւում թողնելով ապաստարաններում թաքնված 1,77 մլն տեղի բնակիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհրդի դեկտեմբերի 10-ի ամփոփագրում:

 

Խորհուրդը պաշտոնապես հաստատել է տարերքի հարվածներից ինը մարդու զոհվելը, սակայն Միջազգային կարմիր խաչի ազգային բաժանմունքն ավելի վաղ հայտարարել է 27 զոհվածների մասին:

 

Ընդամենը տուժել են 2,4 մլն ֆիլիպինցիներ, վիրավորվել է 480 մարդ: Վնասվածքներ են ստացել 900-ից ավելի տներ, այդ թվում՝ ամբողջովին ավերվել են գրեթե 420-ը:

 

Տարերային աղետին ուղեկցող հորդառատ անձրեւները մի շարք սողանքներ եւ հեղեղումներ են առաջացրել երկրի կենտրոնական մասում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների եւ խախտել ցամաքային հաղորդակցությունը: Ծովային եւ օդային տրանսպորտի բնականոն աշխատանքն այժմ վերականգնվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: