Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգում:
Գիտությունների դոկտորներին հատկացվող 20 հազար դրամի հավելավճարը կսահմանվի 50 հազար դրամ, գիտությունների թեկնածուներինը՝ 10 հազարի փոխարեն 25 հազար ՀՀ դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ գիտական աստիճանի համար հավելավճարի գումարի ավելացումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների աշխատավարձը տարանջատել այդ ծրագրերի և թեմաների շրջանակներում մեկ հաստիքի համար հատկացվող միջին հաշվարկային աշխատավարձից:
Նախագծի ընդունումը կբարելավի գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանները, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ և բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելուն: