Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Էլվին Սաիդովը, ով Դոնեցկի ազատամարտիկների շարքերում կռվում էր կառավարական ուժերի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները, հարցաքննության ժամանակ վերջինս պատմել է, որ Ադրբեջանում վատ պայմաններից ելնելով' մեկնել է Մախաչկալա աշխատանք փնտրելու: Սակայն, լավ աշխատանքի ընդունվելու համար Ռուսաստանի քաղաքացիության անձնագիր են պահանջել: Այդտեղ նրան, իր խոսքով, գայթակղիչ առաջարկ են արել, որից նա չի կարողացել հրաժարվել: Անհայտ անձինք նրան, իբր, առաջարկել են ռուսաստանյան անձնագիր ստանալու դիմաց ընդունվել Դոնեցկի ազատագրության ազատամարտիկների շարքերը:
Սաիդովն ասել է, որ չի հասցրել Ռուսաստանի քաղաքացիության անձնագիր ստանալ, քանի որ չի կարողացել հաղթահարել սահմանված «փորձնական շրջանը»: Այժմ նա գտնվում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ձեռքում, եւ նրա հետագա ճակատագիրը դեռեւս մնում է անհայտ: