Հայաստանում թանկացումները զգալի չէին լինի, եթե բնակիչների եկամուտները աճեին այն տեմպով, ինչպես աճում են պարենային ապրանքների գները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով' թանկացումների դեմ պայքարը հնարավոր է միան տեղական արտադրության զարգացման միջոցով:
«Մենք սնունդ ներկրնելու վրա տարեկան հսկայական գումարներ ենք ծախսում, իսկ եթե այդ գումարը ծախսվեր տեղում արտադրություն կազմակերպելու համար, ապա թանկացումը այսպես չէր անդրադառնա մեզ վրա: Պաշտոնյաները հայտարարում են, որ մեզ մոտ ապրանքները մոտ 5 տոկոս են թանկացել, սակայն մեր հաշվարկներով' 10-12 տոկոս թանկացում կա: Կարծում եմ' թանկացումները կշարունակվեն մինչ Ամանոր, իսկ նոր տարում արդեն գները կկայունանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Պողոսյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանը ընդգծեց, որ թանկացումների իրական չափերը հասկանալու համար պետք է դրանք դիտարկել երկարաժամկետ հատվածում: «Եթե 3 տարվա պարբերականությամբ նայենք, մեզ մոտ ապրանքները միջինում թանկացել են 23 տոկոսով, իսկ պարենային ապրանքներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 28 և ավելի տոկոսով»,- ասաց նա:
Նրա համոզմամբ' տնտեսության մեջ մեկ քայլանոց քաղաքականություն չի լինում, իսկ կարկատանային քաղաքականությամբ հնարավոր չի լուծել այդ հարցերը: «Սպառողներին մխիթարելու ոչինչ չունեմ, միայն կարող եմ խորհո ւրդ տալ, որ հաշվենկատ լինեն»,- նշեց Պողոսյանը:
Նոյեմբերի վերջից դրամի արժեզրկմանը զուգահեռ Հայաստանում թանկացումներ են սկսվել: Հատկապես զգալի են ընդեղենի, ձավարեղենի, ձվի և պարենային այլ ապրանքների շուկաներում նկատվող թանկացումները: Չնայած դրան, Կառավարությունը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Հայաստանում գնաճը 2014թ. պետական բյուջեով նախանշված սահմանից չի անցնի: