Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունն ահազանգում է' Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքից կես ամիս անց չի հայտնաբերվել թունավորման պատճառը: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մտահոգված է, որ անպատժելիությունը կարող է նմանատիպ դեպքերի կրկնման պատճառ դառնալ:

 

Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է դեպքին ու գերատեսչությունների աշխատանքին: «Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ:

 

Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելուգույնը պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա:

 

Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 

Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը:

 

Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը:

 

Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին՝ առավել ևս պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել»,-գրել է Պիպոյանը: