Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, հաղորդում է ստացվել, որ դանակահարված՝ իրենց մոտ են տեղափոխվել 1960 թ. ծնված Ժուլվեր Սայադյանը և 1987 թ. ծնված Վահագն Ն.-ն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Արգել գյուղի հուշարձանի մոտ Ժ. Սայադյանը և Վահագն Ն.-ն վիճաբանել են իրենց փեսայի' 1979 թ. ծնված Հունան Մ.-ի, նրա հոր' Սերյոժա Մ.-ի /մնացած տվյալները պարզվում են/ և քեռու' Պարգևի /մնացած տվյալները պարզվում են/ հետ, որի ընթացքում Հունան Մ.-ն դանակահարել է Ժ. Սայադյանին և Վահագն Ն.-ին, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ Ժուլվեր Սայադյանը գիտակցության չգալով, մահացել է:

 

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 12-ին, ժամը 13.35-ին, բաժին է ներկայացել Հունան Մ.-ն և հայտնել, որ ինքն է դանակահարել Ժուլվեր Սայադյանին և Վահագն Ն.-ին:

 

Հունան Մ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: