Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մրցույթը հայտարարվել է ըստ հետևյալ անվանակարգերի.
Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեվորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
Ցեղասպանություն և մշակույթ,
Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները,
ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում,
Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ,
Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2015 թվականի փետրվարի 5-ը և ավարտի ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2015 թվականի հունվարի 16-ը, ժամը 12:00-ը' յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի' Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը հնարավոր է ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: