Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել:

 

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Հիմնական զեկուցող, օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս դեպքում իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ հարմար վայրում վերականգնման համար: Ըստ նրա' հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

 

«Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ դա պահանջում է հուշարձանի նյութական պահպանությունը: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել դրա պատմամշակութային արժեք հանդիսացող արտաքին ու ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

Ըստ նրա հեղինակած նախագծի' հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կկատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը' պետական կառավարման տարածքային մարմինների (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի) թույլտվությամբ: Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվելու է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

 

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դե պքում նաեւ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կկազմակերպի հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները: