«Վեր ընգի դու էլ տեղդ, արա»: Մի երկու օր առաջ Շմայսը՝ խորհրդարանի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, հենց այսպես էր փորձում լռեցնել իր ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին: Նա ոչ թե քաղաքական արգումենտ կամ հակափաստարկ էր բերում, այլ վարվում էր այն մենթալիտետին համարժեք, որն ընդունված է աշխարհում, որին ինքն ու շատ պատգամավորներ պատկանում են:Այդ աշխարհում ընդունված է ոչ թե քաղաքականությունն, այլ «ճիշտը»:


Արամ Մանուկյանն ամիսներ առաջ սխալ է արել, որ Աբովյանում հայհոյել է Հանրապետության նախագահին: Դա նսեմացրել է նրա խոսքի քաղաքական արժեքը, այն ասելիքը, որ Արամն, անշուշտ, ունի: Բայց եթե Շմայսը կամ որևէ հանրապետական,այդքան վիրավորվել է Մանուկյանի խոսքիցապա նրա արածին պետք է տրվեր քաղաքական, նույնիսկ՝ իրավական գնահատական, ոչ թե վարորդի մոտ արթնացվեր «քիլլերային թասիբն» ու մտածողությունը: Ծայրահեղ դեպքում՝ եթե Շմայսն այդքան խոցված էր նախագահի արժանապատվության համար ու էդքան «դուխով տղա» էր, կարող էր ինքը մոտենալ ու հրապարակային ապտակել Արամ Մանուկյանին՝ հենց խորհրդարանում ու չթաքնվեր «խոպանչու» խումարը չհաղթահարած մի խեղճ ու կրակ վարորդի հետևում:

 

Մեկ-մեկ անկեղծորեն սիրտս ցավում է Սերժ Սարգսյանի համար, որովհետև նա մնացել է այսպիսի տեսակի պաշտպանության հույսին ու մեկ էլ մարդկանց, ովքեր երեկ նախագահին «դավաճան» էին համարում ու մեղադրում «ղումարբազության» մեջ:


Սերժ Սարգսյանը, քաղաքական առումով, դրականորեն տարբերվում է իր նախորդից, եթե կուզեք՝ նախորդներից: Նա ավելի հանդուրժող է ու ավելի բաց համակարգ է ստեղծել: Բայց բաց ռեժիմը ենթադրում է՝ ստեղծագործական մոտեցումկրեատիվ քաղաքականություն, մարդիկ, ովքեր մտածելու, արարելու կարողություն ունեն: Հակառակ պարագայում՝ բաց համակարգն ընդամենը դառնում է հայելի, որի մեջ հասարակությունը տեսնում է Շմայսի հոխորտանքը, Թոխմախի Մհերի «մտքի թռիչքը», խորհրդարանական մեծամասնություն կոչվածի զոռբայությունը: Ու էլի վերադառնում ենք այն համակարգին, որը տիպիկ էր Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վերջինս, անգամ ձևի համար, չէր կարող թույլ տալ, որ ընդդիմության թեկնածուն իրեն որևէ քաղաքում հաղթի, ասենք՝ Գյումրիում ջախջախի:

 

«Շմայսները» Սերժ Սարգսյանին վերադարձնելու են հին համակարգ, որովհետև այդ համակարգն է հոգեհարազատը նրանց համար: Բաց համակարգում՝ մտածել ու խոսել է պետք: Խորհրդարանական մեծամասնության կեսից ավելիի համար դա տհաճ, մերժելի զբաղմունք է, իրենց բառ ու բանով՝«զապադլո» գործ: Իրենք սիրում են «տոկոս խփել», քվեատուփ ու վստահված անձ գողանալ ու«շեֆի» համար 100, տո, եթե պետք լինի՝ 110% «նկարել»:

 

Բայց ներքին մի ձայն ինձ անընդհատ համոզում է, որ հավատամ Սերժ Սարգսյանին ու մտածեմ, որ նա առաքելություն, պատմական առաքելություն է կատարելու, մանավանդ որ երեք տարի հետո հեռանալու է ու պատմության կողմից արժևորվելու խնդիր ունի: Ես հույս ունեմ, որ նա՝ մինչև իր հեռանալը, կհավաքի բոլոր «շմայսներին» ու կասի՝ դուք վեր ընգեք տեղներդ: Այդ ժամանակ, երկիրը հաստատ երկիր կդառնա: Մանավանդ, էդ տղերքից շատերի համար Սերժի ասած «արա»-ն օրհնանքի պես մի բան կլինի:



Սուրեն Սուրենյանց