Կեղծված և ապօրինի շրջանառվող «Ոսկե աստղ» բալասան, բյուրեղային մենթոլ և մի շարք այլ եթերային յուղերի հիման վրա ստեղծված դեղերն օրգանիզմի համար վտանգավոր ազդեցություն չեն կարող թողնել, քանի որ դրանք արտաքին օգտագորման համար են, ոչ թե խմելու: Այս մասին դեկտեմբերի 20-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջա պահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը' պարզաբանելով, թե ինչու է բացառվել «Ոսկե աստղ»-ի վաճառքը:
«Կեծված օրինակներում գրանցվածին չեն համապատասխանում մենթոլի և կամֆորայի չափաքանակները: Որակի առումով խնդիր չկա, նշված նյութերը կարող են լինել մի փոքր ավելի կամ պակաս, որը օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չի կարող ունենալ», - նշեց Անահիտ Մկրտչյանը:
Դեղորայքային քաղաքականության բաժնի պետը հավելեց, որ այս մասին իրենք տեղեկացել են վերոհիշյալ դեղամիջոցների արտադրողից, ով, ներկայացնելով հայտ կեղծիքի մասին, իրենց տրամադրել է օրինական և կեղծված տարբերակների փաթեթավորումների լուսանկարները: Ներկա պահին նախարարության աշխատակիցների կողմից ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու թե ո՞ր դեղատներում են շրջանառվում կեղծված օրինակները, նաև համապատասխան դիմում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2939-Ա հրամանով դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց հանձնարարվել է բացառել «Ոսկե աստղ»-ի շրջանառությունը:
«Հայաստանում գրանցված են եղել «Ոսկե աստղ» դեղերը, որոնց գրանցման ժամկետները ավարտվել են 2013 թվականի մարտի 31-ն և կրկնակի գրանցման չեն ենթարկվել: Այժմ դեղատներում շրջանառվում է նույն գրանցման սերիայով, սակայն կեղծված պիտանելիության ժամկետով արտադրանք, որի վրա պիտանելիության ժամկետը նշված է 2015 թվականի մայիսի 8-ը», - պարզաբանեց Անահիտ Մկրտչյանը: