«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ակնկալում է, որ արդեն 2015թ. գարնանը Հայաստանը Եվրոպական միության հետ համագործակցության իրավապայմանագրային նոր ձևաչափ կունենա: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Բեքարյանն ընդծեց, որ Եվրամիության պաշտոնյաները իրենց համար գոնե հստակեցրել են և հասկացել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որին շուտով կանդամակցի Հայաստանը, տնտեսական կառույց է: «Սրանից էլ բխում է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հետ կապված շատ չնչին դետալներ կարող են ենթակա լինել փոփոխությունների: Սա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ: Արագ ասելով՝ ակնկալում ենք, որ արդեն 2015թ. մենք կունենանք Եվրամիության հետ համագործա կցության իրավապամանագրային ձևաչափ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:
Նա նկատեց, որ մինչև վերջին երկու ամիսները Եվրամիության հետ հետագա համագործակցության բանակցությունները բավականին դանդաղ էին ընթանում, ինչը կապված էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: «Հիմա, սակայն, մենք արձանագրում ենք գործընթացը, գիտենք, որ կան բանակցողները: Այդ գործընթացը շարունակվեց վերջին երկու ամսում և իր շարունակությունը կունենա նաև Սուրբ ծննդյան տոներից հետո»,- նշեց քաղաքագետը:
Բեքարյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ի կազմում, կարող է տնտեսական համագործակցությունը շարունակել նաև ԵՄ-ի հետ: Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ հակասություններ չեն առաջանա ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Քաղաքագետն այն կարծիքին է, որ տնտեսական համագործակցության նախադրյալներ ևս կան: