Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան կարող է Ադրբեջանին հրահրել Հայաստանի հանդեպ նոր սադրանքների և սահմանային իրավիճակի ապակայունացման: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Թուրքիան այդպիսով կփորձի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայից: Ես այս դեպքում բացասական ակնկալիքներ ունեմ: Եվ ես կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիան կարող է նման կեցվածք որդեգրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:
Նա ընդգծեց, որ 2015-ին Հայաստանի և հայկական բանակի զգոնությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա՝ հավելելով, թե հայկական բանակն արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ իր զգոնության մակարդակը բարձր է ցանկացած իրավիճակում:
Բեքարյանը նշեց, որ Թուրքիան 2015թ. սադրիչ կեցվածք է ընդունելու, իսկ Ադրբեջանից իր երկար տարիների հավատարմության պատասխանը փորձելու է կորզել Հայաստանի նկատմամբ սադրիչ քայլերի դրդելու եղանակով:
Փորձագետը նաև հիշեցրեց, որ Բաքուն 2015թ. ընդունելու է Համաեվրոպական օլիմպիական խաղերը: «Այս դեպքում էլ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու կլինի, որ տիրի հանգիստ և ոչ քաոսային վիճակ, որպեսզի հնարավոր լինի այդ խաղերն անցկացնել բարձր մակարդակով և ստանալ բոլոր այն ակնկալիքները, որ կան՝ կապված այդ խաղերի հետ»,- նշեց նա: