Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները հունվարի 25-ի լույս 26-ի գիշերն ապամոնտաժել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, արձանի ապամոնտաժմանն ու տեղափոխմանը մասնակցել է մոտ 200 ոստիկան: Փակվել է հարակից փողոցների երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ Ալիև-ավագի բրոնզաձույլ արձանը Մեխիկոյի Reforma զբոսայգում տեղադրվել էր ամիսներ առաջ. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը համաձայնելով 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել զբոսայգում' իրավունք էր ստացել այնտեղ տեղադրել Հեյդարի արձանը:

Ադրբեջանի 3-րդ նախագահի արձանն առաջացրել էր իրավապաշտպանների ու Մեխիկոյի բնակիչների զայրույթը. նրանք դժգոհ էին, որ մայրաքաղաքի կենտրոնում Մահաթմա Գանդիի (Հնդկաստանի քաղաքական, հոգեւոր առաջնորդ, 1869-1948թթ.), Միացյալ Նահանգների նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի(1809-1865թթ.) արձանների կողքին խոյանում է բռնապետ Ալիեւի արձանը:

Քաղաքապետարանը որոշել էր հանձնաժողով ստեղծել' բողոքներն ու դժգոհությունները քննելու համար: Երեք գրողից ու մեկ վերլուծաբանից բաղկացած հանձնաժողովը նոյեմբերին քաղաքային իշխանություններին առաջարկել էր ապամոնտաժել արձանը' նշելով, որ իշխանությունները սխալ են գործել «գումարի դիմաց թույլ տալով, որ օտարերկրյա կառավարությունը որոշի, թե ում արձանը պետք է խոյանա մայրաքաղաքի կենտրոնում»:

Մեխիկոյի քաղաքապետ Մանսերան էլ այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ, հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը ու բնակիչների և իրավապաշտպանների դժգոհությունները, իրենք վերջնականապես որոշել են ապամոնտաժել արձանն ու «այլ վայր» տեղափոխել:

Թե կոնկրետ որտեղ է շարունակելու «բազմել» Հեյդարը, հայտնի չէ: Ավելի վաղ, սակայն, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում ասել էր, թե իրենք Մեխիկոյի իշխանությունների հետ ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն, որի համաձայն' քաղաքի ծայրամասում ադրբեջանական կողմին տրամադրվելու է շինություն' մշակույթի կենտրոն բացելու համար: Դեսպանը չէր բացառել, որ հենց այդ շինություն է տեղափոխվելու արձանը:

Հավելենք, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ արձանի ապամոնտաժման դեպքում խզելու է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ ու կասեցնելու է ներդրումային բոլոր ծրագրերը: