Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը գյուղատնտեսական ոլորտում հեռանկարներ է ստեղծում արտահանումն ավելացնելու և նոր շուկաներ մուտք գործելու համար:
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին: «Հունվարի 2-ից, երբ դառնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, գյուղատնտեսության ոլորտում նոր զարգացումներ ենք ակնկալում: Տարիներ շարունակ մեր ամբողջ գյուղատնտեսական մթերքներն արտահանել ենք ռուսական և ԱՊՀ երկրների շուկաներ, մեզ համար ավելի հեշտ է հաղորդակցվել իրենց հետ: Հաստատ համոզված եմ, որ հաջորդ տարի մեր արտահանման ծավալները կտրուկ ավելացնելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:
Սերգո Կարապետյանի խոսքով' պետք է ջանքեր գործադրվեն արտադրության ծավալներն ավելացնելու համար, որպեսզի տեղական շուկան չտուժի արտահանման հետևանքով: «Մեր ատրադրության ծավալները փոքր են, պետք է աշխատենք դրանք ավելացնել, որ կարողնանք արտահանումը ևս ավելացնել: Պետք է նախ ապահովենք տեղի շուկան, ապա նոր ավելացնենք արտահանումը, որ արտահանումները չաճեն տեղական շուկայի պահանջարկի և գների հաշվին»,- ասաց նա:
Հայաստանը 2015 թվականի հունվարից 2-ից կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Դեկտեմբերի 23-ին Կրեմլում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ արդեն իսկ ավարտվել են Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր գործընթացները, և գալիք տարվա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ: