Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանի ընթացիկ տարում իրար հետեւից արած հակասական' զավեշտալից հայտարարությունները դարձել են սոցիալական ցանցերում թուրքերի քննարկման հիմնական թեման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber հեռուստաալիքը:

 

Էրդողանի 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների ընկերությունում (TՆBİTAK) արած վերջին հայտարարությունն այն մասին, որ «ժամանակակից թուրքերենի բառապաշարով գիտություն եւ փիլիսոփայություն չենք ստեղծի», ցնցել է թուրք մտավորականությանը: Թուրքական առաջադեմ մամուլը հիշեցրել է, որ նույն Էրդողանը դեռեւս վարչապետ եղած ժամանակ 2012 թվականին «Սահմանադրական լեզվի համաժողովում» հայտարարել էր, որ նրանք, ովքեր ասում են, թե թուրքերենով փիլիսոփայություն անել հնարավոր չէ, ռասիստներ են: «Հաճախ են ասում, թե թուրքերենով փիլիսոփայել հնարավոր չէ. կամ պետք է օսմաներենից օգտվել, կամ' անգլերենից: Դրանք բոլորը ռասիզմ բուրող հայտարարություններ են, ռասիզմ բովանդակող մտածողություն է: Աշխարհի բոլոր լեզուների պես, թուրքերենը եւս երեւակայելու ունակ լեզու է», -ասել էր նա:

 

TBİTAK -ում ունեցած ելույթում Էրդողանը քննադատել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման շրջանում Աթաթուրքի կողմից արաբատառ օսմաներենից հրաժարվելու եւ անգլիատառ թուրքերենին անցնելու 1923 թվականին իրագործված «Լեզվական հեղաշրջումը»:

 

«Ներկայում թուրքերենում առկա բառապաշարով փիլիսոփայություն եւ գիտություն չենք ստեղծի: Կամ պետք է դիմենք օսմաներեին, կամ էլ անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին: Մենք ունենք հարուստ օսմաներեն, որը կորցրեցինք մեկ գիշերվա մեջ: Հազարավոր բառեր եւ արտահայտություններ մոռացվեցին եւ հանվեցին բառարաններից», -ասել է Էրդողանը:

 

Էրդողանի այդ ելույթը թուրք լեզվագետները գնահատել են որպես « հաշվեհարդար Աթաթուրքի հետ»:

 

HaberTurk-ը հիշեցրել է նաեւ Էրդողանի արած հետեւյալ զավեշտալի հայտարությունները' «տղամարդիկ եւ կանայք չեն կարող հավասար իրավունքներ ունենալ», «ալկոհոլ խմող յուրաքանչյուրը հարբեցող է», «ծնելիության վերահսկողությունը դավաճանություն է», «աբորտը հանցագործություն է», եւ ամենածիծաղելին, որ «Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ' թուրքերը»:

 

Օսմաներենին վերադառնալու, դպրոցներում կրոնական դասաժամերը առաջին դասարանից սկսելու, կրոնական վարժարանների թիվը մեծացնելու շուրջ ընթացիկ տարում Էրդողանի ակտիվացած նախաձեռնությունները թուրքական առաջադեմ հանրությունը գնահատում է որպես Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետական կառուցվածքից հրաժարում եւ Թուրքիան դեպի իսլամացում տանելու ծրագրի իրագործում: