Երթուղային տրանսպորոտում գողություն կատարող տղամարդուն խանգարել է քաղաքացիական հագուստով ոստիկան աղջիկը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին:
Գրպանահատը վերցրել է երեիտասարդ կնոջ դրամապանակը, որտեղ եղել է 47 հազար դրամ: Դեպքի մանրամասները ներկայացրել է ոստիկան-աղջիկը: «Իմ հանգստյան օրն էր:
Ժամը 19-ի սահմաններում, գտնվելով երթուղային տաքսու մեջ, նկատեցի մի տղամարդու, որը աղջկա պայուսակից հանեց դրամապանակը: Անմիջապես բռնեցի տղամարդու ձեռքը, ներկայացա որպես ոստիկանության ծառայող, վերցրեցի դրամապանակն ու վերադարձրեցի տուժողին, վարորդից խնդրեցի կանգնեցնել երթուղայինը: Այնուհետև զանգահարեցի իմ անմիջական հրամանատարին»,- նշել է ոստիկանը:
Նրա անմիջական հրամանատարն էլ կապ է հաստատել Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկային խմբի հետ, որից հետո պարեկային խումբը մոտեցել է երթուղային տաքսուն ու այդ քաղաքացուն բերման ենթարկել:
Տուժողից ընդունվել է հաղորդում դեպքի առթիվ, քննությունը շարունակվում է: