Եթե ուզում եք տեսնել դժոխքը, ապա այցելեք Բաքվի մոտ գտնվող Նավթային քարեր քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է գրել է Travel.obozrevatel.com-ը՝ ներկայացնելով աշխարհում մարդու բնակվելու համար ամենասարսափելի 5 վայրերը, որոնց շարքում դասել է նաև Կասպից ծովում Ադրբեջանի հայտնի Նավթային քարեր քաղաքը:

 

Պարբերականը գրում է, որ Կասպից ծովում բետոնե կղզում գտնվող Նավթային քարեր դժոխքը սկսել է կառուցվել 1949 թվականին: Այն ժամանակ ինչ-որ մեկի խելքին փչել էր, որ ծովի հատակից նավթի արդյունահանմամբ զբաղվող մարդիկ լավ կլինի բնակվեն հենց ծովում՝ աշխատանքի վայրին մոտ: Քաղաքը կառուցվեց երկաթբետոնե հարթակների, մետաղյա կառուցվածքների, բետոնե սալիկների և խորտակված հին նավերի վրա:

 

«Մեծ ցամաքից» կղզի կանոնավոր կերպով նավեր և ուղղաթիռներ էին գնում-գալիս: Այստեղ նոր տներ կառուցեցին, նույնիսկ ջանքեր գործադրեցին զբոսայգի գցել, հացի գործարան և ըմպելիքների արտադրամաս բացեցին…

 

Անցան տարիներ: Բետոնե շենքերը քայքայվեցին, էնտուզիազմը մարեց, նավթի արդյունահանման ծավալները նվազեցին: Զբոսայգին չորացավ, ենթակառուցվածքներից մնաց միայն էլեկտրական ենթակայանը և ջրապահովման համակարգը: Այնտեղ՝ «խրուշչովկաներում» և բարաքներում դեռևս մարդիկ կան բնակվող. դրանք ոչ թե երիտասարդ մասնագետներն են, այլ հույսները կորցրած տարեց աշխատակիցներ:

 

Ներկայում աշխատում է Նավթային քարերի արդյունաբերական կոմպլեքսի միայն մեկ երրորդը: Ծովն աստիճանաբար լվացել է պլատֆորմը և տների առաջին հարկերը լցվել են ջրով: Ամեն տեղ լի է աղբով, ապակիները ջարդվել են: Բարաքների մեծ մասում մարդ չի բնակվում: Սակայն Նավթային քարերում դեռ բնակվողներ կան, քանի որ մարդիկ աշխատում են պլատֆորմում: Աշխատանքն այնտեղ նրանց միակ զվարճանքն է….», -գրում է պարբերականը:

 

Ադրբեջանի Նավթային քարերի շարքում պարբերականը ներկայացնում է ևս 4 դժոխային վայրեր՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի շրջակայքն ու Մուգադդամ ավանը, որտեղ մարդիկ հսկա քաղաքի աղբն օգտահանության են ենթարկում ձեռքով, Ձերժինսկի քաղաքի մոտ գտնվող՝ քիմիական թափոններով հարուստ Իգումնովո ավանը, Չինաստանում բորոտ հիվանդների համար գցված հատուկ քաղաքը, Հնդկաստանի Գանգ գետի ափին գտնվող մեռելների քաղաք Վարանասին:

 

Այստեղ մարդիկ գալիս, կամ նրանց բերում են մահանալու: Այստեղ են բերում արդեն մահացածներին, որպեսզի այրեն նրանց դիակները, և նետեն գետը: Հնդիկների համար Վարանասին հանդիսանում է այն վայրը, որտեղ մահացած մարդու հոգին երկինք է բարձրանում: Քաղաքը լի է մուրացիկներով և տարբեր խարդախներով: Դիակները այրելուց հետո մնացորդները նետում են Գանգ գետը, «սուրբ գետ» են հոսում նաև քաղաքի բոլոր աղտեղությունները: Քաղաքի բնակիչները լվացվում են գետի ջրով…