Ամերիկյան հասարակության մեջ առավել մեծարվող դեմքերն են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը դեկտեմբերի սկզբին անցկացրել է հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտը՝ Gallup-ը:

 

Նշվում է, որ Օբաման այդ հարցման մեջ առաջին տեղն է գրավել վերջին յոթ տարվա, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 13 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ Քլինթոնը 1993 թվականից հարցման առաջին տեղն է գրավել 19 անգամ:

 

Ներկայում ապրող այն կնոջ անունը նշելու սոցիոլոգների խնդրանքին ի պատասխան, որոնց մասին հարցվողը լսել Է, կարդացել եւ որով հիանում է, մասնակիցների 12 տոկոսը հիշատակել է Հիլարի Քլինթոնին, երկրորդ տեղում ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին է (8 տոկոս), երրորդում՝ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը (5 տոկոս):

 

Առավել մեծարվող ժամանակակից կանանց տասնյակում տեղ են գտել նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, դերասանուհի Անջելինա Ջոլին, Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը, Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը, ԱՄՆ-ի սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ Ջորջ Բուշ կրտսերի ամուսինը՝ Լորա Բուշը:

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա ամերիկացիներն ամենից ավելի հիանում են Բարաք Օբամայով. նրա անունը նշել է հարցվածների 19 տոկոսը: Նրան հաջորդում են Հռոմի Ֆրանցիսկոս պապը (6 տոկոս) եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (3 տոկոս):

 

Վարկանիշում տեղ են գտել նաեւ կրոնական եւ հասարակական գործիչ Բիլի Գրեմը (2 տոկոս), ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը (2 տոկոս), նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը, բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, ամերիկացի լրագրող Բիլ Օ՛Ռեյլին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (1-ական տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: