Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էնգին Օզքյոքը հրապարակել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին խորհրդարանական չորս' իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP), ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP), Ազգայնական շարժում (MHP) եւ քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն (BDP) կուսակցությունների խմբակցությունների անդամների մասնակցությամբ խորհրդարանի գլխավոր խորհրդի գաղտնի նիստում քննարկության դրված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջադրած այն 6 պայմանները, որոնց կատարման դեպքում միայն PKK-ն կարող է դադարեցնել զինված պայքարը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորը թուրքական «Բուգյուն ԹՎ» հեռուստաալիքի ուղիղ եթերում թվարկած PKK-ի 6 պայմանները հետեւյալներն են. Թուրքիան պետք է բաժանվի 6 նահանգների, Իմրալի բանտում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պետք է ազատ արձակվի, Թուրքիայի խորհրդարանը պետք է քննարկության դնի քրդական ինքնավարություն ստեղծելու հարցը, ստեղծված նահանգների ղեկավարները պետք է ներկայացված լինեն թուրքական խորհրդարանում, քրդերի ինքնավարության իրավունքը պետք է պաշտպանված լինի օրենսդրությամբ, յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա իր ինքնավար անվտանգության ուժերը:

 

Թուրք պատգամավորը հայտարարել է, որ չնայած նիստը գաղտնի է եղել, եւ իրենք իրավունք չունեին հրապարակել այնտեղ քննարկված հարցերը, սակայն, դա ինքն անում է «թուրք ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորության համաձայն»:

 

Թուրքիայի իշխանությունները երեք տարի առաջ հայտարարել են քրդական խնդիրը երկրում լուծելու մասին, սակայն, այդ ուղղությամբ դեռեւս որեւէ հստակ քայլ չեն կատարել: Թուրքաբնակ քրդերն ինքնավարության համար զինված պայքարը սկսել են 1980-ական թվականներից: Մոտ 35 տարի տեւած թուրք-քրդական զինված բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: