Այսօր երկու եգիպտացի ֆուտբոլիստ է զոհվել Պորտ Սաիդում սաստկացած անկարգությունների ժամանակ։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությամբ, տեղաբնակների և իրավապահների միջև ահագնացող ու մինչև այժմ շարունակվող անկարգությունների ժամանակ սպանվել է «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահ Թամեր ալ Ֆահալյան։ 1998-ին, երբ նա խաղում էր թիմի կազմում, այն դարձել էր ազգային առաջնության չեմպիոն։

Մյուս զոհված ֆուտբոլիստը Պորտ Սաիդի «Ալ-Մարիք» ակումբի խաղացող Մուհամմեդ ադ-Դաուզին է։

Համաձայն բժշկական ծառայության տվյալների՝ սպանվածների թիվը հասել է 36-ի, տուժածներինը՝ 300, շատերը ստացել են հրազենային վնասվածքներ։

Զանգվածային բողոքի պատճառ է դարձել Եգիպտոսի դատարանի կողմից 21 հոգու մահվան դատապարտելը։ Նրանք մեղադրվել են՝ անցյալ տարի Պորտ Սաիդում կատարված ողբերգական միջադեպի հետ կապված։ 2012-ի փետրվարի 1-ին Պորտ Սաիդի մարզադաշտում տեղի «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ահլի» թիմերի հանդիպման ժամանակ երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհվել էր 74 մարդ։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո մեղադրվողների հարազատները և «Ալ-Մասրի» արմատական երկրպագուները, դժգոհելով վճիռից, փորձել են գրոհով վերցնել բանտը, որտեղ պահվում են մեղադրյալները. հարձակվել են դատարանի և ՆԳՆ-ի շենքերի վրա։ Բազմաթիվ ականատեսները վկայում են, որ երկու կողմից էլ կիրառվել է հրազեն։

Ներկա դրությամբ անկարգությունները շարունակվում են, չնայած որ փողոցները լցված են բանակային ստորաբաժանումներով։ Նրանք խստացրել են հսկողությունը Սուեզի ջրանցքի վարչության, բանտային համալիրի և պետական այլ հիմնարկների շրջակայքում։ Կատաղի ընդհարումների վայրերում պարետային ժամ է մտցվել։

Տեղեկություններ են հասնում, որ անհայտ անձանց խմբեր նավահանգստի վարչության շրջակայքում կրակ են բացել իրավապահների վրա, ինչպես նաև ինքնաձիգային կրակահերթեր՝ Սուեզի ջրանցքի նավերի վրա։ Կրակի տակ է ընկել Իսրայելի Հայֆա քաղաքից ուղևորվող հունական նավը։ Հունաստանի ԱԳՆ տվյալներով՝ նավի վրա գտնվողներից ոչ ոք չի տուժել։

Ափային պաշտպանությունը պատասխան կրակ է բացել հարձակվողների վրա, որից հետո նրանք փախուստի են դիմել։ Ջրանցքի ողջ երկայնքով տեղակայվել են ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ։ Զինված ուժերը իրենց հսկողության տակ են վերցրել Կարմիր և Միջերկրական ծովերը միացնող այդ ջրանցքը, և պաշտոնական հայտարարություն արել, որ առանց նախազգուշացման կրակ կբացեն նավերին հարձակման ենթարկողների վրա։

BBC-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին հաղորդում է, որ անհայտ անձինք հրկիզել են Եգիպտոսի անվտանգության ծառայություններին պատկանող շենքը։