Թեև գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց' տեղեկացնելով, որ ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և որևէ թեկնածուի չի սատարելու, բարգավաճականները գտել են ելքը՝ հանդես են գալիս իրենց անձնական որոշումներով՝ սատարելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հրապարակային առաջին պաշտոնական հայտարարությունը արեց Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը' ասելով, որ ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նրան հաջորդեց նաև Մարտուն Գրիգորյանի որոշման հրապարակումը. նա ևս պաշտպանելու է գործող նախագահին: ԲՀԿ-ական գյուղապետերից ոմանք ևս նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել: Ստեղծված իրավիճակում հետաքրքրական է, թե ում են պաշտպանելու ԲՀԿ-ական այն քաղաքապետերը, որոնք դեռևս իրենց դիրքորոշումը չեն հայտնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ասաց, որ որոշել է, բայց. «Դա գաղտնիք է, ինչո՞ւ պետք է ասեմ: Ես հանդես եմ գալիս որպես ՀՀ քաղաքացի, Սահմանադրությամբ ես իրավունք ունեմ իմ ընտրության գաղտնիությունը պահելու, ես մտածել եմ, գիտեմ' ում եմ ձայն տալու»:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր կուսակիցներ Մարտուն Գրիգորյանի և Սամվել Բալասանյանի որոշմանը՝ գործող նախագահին պաշտպանելու վերաբերյալ, պատասխանեց, որ չի կարդացել նրանց հայտարարությունները, ուստի չի կարող որևէ բան ասել:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին լրատվամիջոցներին ասել էր հենց ինքը՝ քաղաքապետը, սակայն այսօր, ինչ-ինչ հարցերից ելնելով, մտափոխվել է և որոշել գաղտնի պահել իր որոշումը: