Եղվարդի մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:
Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը, չնայած նախապես ներկայացրած հիվանդության մասին տեղեկանքին, այնուամենայնիվ, դեկտեմբերի 29-ին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, նրան առաջադրվել է մեղադրանք, ինչը նա ընդունել է:
Հիշեցնենք' ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահակահամաճարակային կանոնները, մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի սաների, աշխատակիցների ու նրաց հետ շփվող մարդկանց զանգվածային թունավորման։
Քննիչի որոշմամբ՝ մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանը դեկտեմբերի 26-ին ներկայացել էր Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով: Իսկ մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը չէր ներկայացել՝ փոխարենը տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
Սակայն օրեր անց՝ դեկտեմբերի 29-ին, տնօրենն այդուհանդերձ ներկայացել է ու ընդունել առաջադրված մեղադրանքը: Նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: