Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը ոչ թե խափանվել է, այլ ժամանակավորապես դադարեցվել է դեպի «Գարեգին Նժդեհ» կայարան ուղղությամբ երթեւեկությունը: Պատճառն այն է, որ վերոնշյալ կայարանում սնուցող բարձրավոլտ էներգահոսանքալարի խափանում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է այդ ուղղությամբ աշխատանքը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ «Բարեկամություն» կայարանից մինչեւ «Սասունցի Դավիթ» կայարանը մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով, իսկ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Գարեգին Նժդեհ»' ժամանակավորապես մեկ ուղղությամբ:
«Այս պահի դրությամբ մասնագետներն դեպքի վայրում են եւ իրականացնում են համապատասխան աշխատանք: Առնվազն մեկ ժամվա ընթացքում մետրոպոլիտենի բնականոն ընթացքը կվերականգնվի»,- տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանից: