ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հացադուլիս երրորդ օրն է։ Կյանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մեկ օրից ավել եմ գոյատևում՝ լիարժեքորեն մասնակցելով ընթացիկ գործերին, կատարելով թե՛ մտավոր և թե՛ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի՝ սրտիս շրջանում ճնշվածություն կար։ Ընդհանրապես խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի որ Անդրիաս Ղուկասյանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրյա հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։
Քիչ անց ևս մեկ անգամ կայցելեմ իրեն․․․
Ի դեպ, քայլս վարակիչ է դարձել և նույնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Հարությունյանն ասաց, որ իմ ավարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրյա հացադուլ:
Եվրոպական մասնագիտական կազմակերպության հարցումներով, չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մեկ այլ՝ քաղաքական գործի համար կարևորագույն անվանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ առաջատարը։
Այսինքն՝ եթե առաջադրված ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշվեր առաջատար քաղաքական գործիչը (իսկ դա, որպես կանոն, հիմնական չափորոշիչն է), ապա մենք մտածելու բան չէինք ունենա․․․ Բայց փաստ է, ու դա հաստատվում է նաև մեր մարդկանց կատարած անաչառ հարցումներով, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ ավելի շատ ձայներ ունի, քան մարդ-քաղաքական գործիչը։ Այդ տարբերությունը կարող էր նույնիսկ մի քանի տասնյակ տոկոսով արտահայտվել, բայց երբ մի քանի հարյուր տոկոս է, պետք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է, որ պետք է արագ պարզենք ու արագացնենք մարդ-գործիչ և ծրագիր գործիչ վարկանիշների ներդաշնակումը»։