Ադրբեջանի բնակիչները գերադասում են բանկերից հանել իրենց ավանդները եւ փողերը պահել ներքնակի տակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը, ադրբեջանցիները զանգվածաբար սկսել են բանկերից հետ վերցնել պահ տված ավանդները, քանի որ այսուհետեւ պետությունը պետք է հարկի բնակիչների ավանդից ստացած եկամուտը:

 

Ադրբեջանի կառավարության որոշմամբ, 2015 թվականի հունվարի 1-ից բանկերում քաղաքացիների 500 մանաթից ավելի ավանդներից ստացվող եկամուտի 10 տոկոսը հարկվելու է: Փորձագետները հայտնում են, որ նման որոշումով ադրբեջանական կառավարությունը ցանկանում է տարեկան մոտ 35-40 մլն մանաթ գումար եկամուտ ապահովել նավթի համաշխարհային գների անկումից ճգնաժամում հայտնված պետբյուջեի համար: Փորձագետների կարծիքով' ադրբեջանական կառավարության այդ որոշումը կարող է սնանկացնել բազմաթիվ բանկերի, քանի որ նրանց մեծ մասի շրջանառությունը ձեւավորվում է հենց բնակչության ավանդների հաշվին:

 

Ադրբեջանի պետական բյուջեի 70 տոկոսից ավելին ձեւավորվում է նավթից ստացվող եկամուտների հաշվին: Նավթի գների անկման պատճառով շփոթության մեջ հայտնված ադրբեջանական կառավարությունը տարբեր «հնարքների» է դիմում նավթից ստացվող եկամուտների նվազման պատճառով բյուջեն փրկելու համար: