Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վարույթ իրականացնող մարմինը Գյումրիում կատարել է դատավարական մի շարք գործողություններ:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ քննության առանձնահատկություններից ելնելով' ներկա պահին այլ տեղեկություններ չեն տրամադրվում:

 

«Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը' ավելի ուշ քննության ընթացքի վերաբերյալ կտրամադրվի տեղեկություն»,- ասաց նա:

 

Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանանը հայտարարել էր, որ Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հայաստանի քննչական մարմինը կանցկացնի համապատասխան բոլոր գործողությունները: «Մենք դեռեւս տվյալ անձին մեր քրեական գործով չենք հարցաքննել, այսօր մեր քննիչները կհարցաքննեն նրան: Թե ինչ ցուցմունք է տվել նա ռուսական օրենսդրությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ես չգիտեմ եւ չեմ կարող մեկնաբանել»,- ասել էր նա: