Հայկական բանակի օրվա նախօրեին մարտական դիրքերից մեկում իր ծառայակցի ձեռքով սպանվել է ավագ սերժանտը: Վերջին մեկ ամսում հայկական բանակում խաղաղ պայմաններում մի քանի զոհեր են եղել: Չնայած բանակի ղեկավարության խոստումներին, «մսաղացը» կանգ չի առնում: Շարունակվում են արատավոր երեւույթները:
Հայաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ հայկական զինված ուժերն ամենամարտունակն են Հարավային Կովկասում: Գուցե եւ դա այդպես է, եթե համեմատության մեջ ենք մտնում Ադրբեջանի եւ Վրաստանի բանակների հետ: Սակայն, այստեղ իրականում չկա որեւէ համեմատություն. այդ երկրների զինված ուժերը գործով են ապացուցել իրենց փաստացի չգոյությունը, եւ դրանց հետ համեմատությունն ընդամենը սրտի մխիթարանք է եւ քարոզչական հնարք, որով փորձում են ծածկել հայկական բանակում տիրող իրավիճակը:
Բանակի դեպքում պետք է ոչ թե համեմատություն, այլ ձգտում, առաջընթացի ու կատարելագործման ուղղությամբ գերջանքեր: Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական լրջագույն խնդիրները, հայկական բանակը կարիք ունի արմատական վերափոխման: Խորհրդային տիպի «զանգվածային» բանակի մեթոդոլոգիայից արդեն հրաժարվում են նույնիսկ Ռուսաստանում: Այդ տիպի բանակն ընդամենը «թնդանոթի միս» էր, ինչն արտահայտվեց օրինակ Աֆղանստանում եւ Չեչնիայում:
Հայկական բանակը լիովին ժառանգել է խորհրդային տիպի բանակի բոլոր արատները՝ սկսած գողական դեդովշչինայից, կոռուպցիայից, վերջացրած մարտական պատրաստության մեթոդոլոգիայով: Սակայն, եթե խորհրդային բանակը «ձգում» էր մարդկային ու նյութական բավարար ռեսուրսի շնորհիվ, ապա Հայաստանում այդ ռեսուրսը չկա:
Հայկական բանակը լուրջ առաքելություն ունի ժամանակակից աշխարհում: Դա է վկայում միջազգային հանրության ուշադրությունը հայկական բանակի հանդեպ: Դա կարծես թե հասկացել է նաեւ Հայաստանի իշխանությունը, եւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկը նվիրված էր հենց դրան: Սակայն, մի բան է դա գիտակցելը, եւ այլ բան՝ բանակը նեղ նպատակներով օգտագործելու գայթակղությունից զերծ մնալը:
Իսկ նման գայթակղություն եղել է Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների մոտ, երբ բանակն օգտագործվում էր ներքին կյանքում՝ իշխանության եւ քրեաօլիգարխիկ համակարգի դիրքերը պահպանելու համար: Սերժ Սարգսյանը նույնիսկ օրենսդրորեն ամրագրեց բանակը ներքին կյանքում օգտագործելու «իրավունքը»:
Սակայն, հայկական բանակի բուն առաքելության եւ իշխանությունների նպատակների միջեւ խզումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Բանն այն է, որ Հայաստանի միջազգային գործընկերներին Հայաստանում ամենից առաջ հետաքրքրում է հայկական բանակը, նկատի առնելով գլոբալ վերադասավորումների առաջիկա փուլը: Հայկական բանակին հատկացվում է զգալի միջազգային նյութական եւ այլ աջակցություն: Հայաստանի «երկրորդ սերնդի» բարեփոխումների համատեքստում առաջնահերթ պահանջ է դրվում բանակի վերափոխումը:
Ժամանակին, օրինակ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում էր ավելի լայն դերակատարման, իր ելույթներից մեկը նվիրել էր հենց բանակին, որում նշվում էր, որ բանակը հայկական բարեփոխումների հիմնական խոչընդոտներից մեկն է: Այդ ժամանակից քայլեր էլ ձեռնարկվեցին, բանակից տարբեր պատրվակներով հեռացնելով առավել օդիոզ ու կոռումպացված «դաշտային» գեներալներին: Սակայն, այդ գործընթացը բավական դանդաղ է ընթանում, իսկ միջազգային տարբեր կառույցներում վերապատրաստված նոր սպայակազմի չնչին տոկոսն է ներգրավվում բանակի կառույցներ: Բանակում շարունակում են տերուտնօրինություն անել կոռումպացված բարձրաստիճան զինվորականները, որոնք բանակի ռեսուրսն օգտագործում են անձնական նպատակներով, սկսած զինվորից գողացված կալորիաներից, վերջացրած տեխնիկան ու զինուժը սեփական նպատակներին ծառայեցնելուց:
Հայաստանի ներկայիս քրեական-օլիգարխիկ համակարգի դեպքում անհնար է խոսել բանակի մարտունակության եւ ինչ որ առաքելություն կատարելու մասին: Նման առաքելությունը կարող են կատարել ժամանակակից, բարձրտեխնոլոգիական, մոբիլ զինված ուժերը: Նման զինված ուժեր պահելու եւ սպասարկելու համար անհրաժեշտ է համարժեք տնտեսական-քաղաքական համակարգ: Հայաստանի ներկայիս տնտեսաքաղաքական համակարգն ի վիճակի չէ լուծել նման խնդիրը: