Մեծ Եղեռնի տարելիցից առաջ Եվրոպան պետք է Թուրքիային զսպաշապիկ հագցնի այնպես, ինչպես Հոլոքոստի պարագայում զսպաշապիկ հագցրեց Գերմանիային: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը' ընդգծելով, որ Եվրոպայում նկատվում են քաղաքակրթությունների բախման նախանշաններ, իսկ Հայատանը կարող է աջակից լինել այդ հարցի լուծմանը:
«Եվրոպան սարսափում են քաղաքակրթությունների բախումից, իսկ դա հնարավոր չէ կանգնեցնել զենքով: Կարծում եմ, Եվրոպայում քրիստոնեության նահանջը սկսվել է Հայոց ցեղասպանությունով: Եթե այն ժամանակ թույլ չտրվեր հայերի կոտորածը, հիմա Եվրոպան կունենար հզոր աջակից: Սակայն դեռ ուշ չէ, և պետք է Ցեղասպանության տարելիցը օգտագործել Թուրքիային զսպաշապիկ հագցնելու համար: Եվրոպան պետք է օժանդակի Հայաստանին, որ կարողանա զսպել Թուրքիային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Շիրինյանը:
Աստվածաբան Վարդան Խաչատրյանն էլ նկատեց, որ ներկայիս Եվրոպայում զգալի նվազել է քրիստոնյաների թիվը, ինչը հանրավորություններ է ստղծել մուսուլմանների համար: «Որոշ հաշվարկներով' Եվրոպայում քրիստոնյաների թիվը տատանվում է 5-10 տոկոսի շրջանակում, իսկ եվրոպացիների հիմնական մասը սկեպտիկ (թերահավատ) են:
Եվրոպան պատկերացնում է, որ հնարավոր է չկարողանա մարսել քաղաքակրթությունների բախումը: Այս պարագայում միակ բանը, որ կարող է անել Հայաստանն, այն է, որ ձևավորի ֆորում, որտեղ երկու քաղաքակրթությունները կարողանան շփվել»,- ը նդգծեց Խաչատրյանը:
Եվրոպայում քաղաքակրթությունների բախման վտանգի մասին սկսեցին խոսել տարեսկզբին, երբ տեղի ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում կատարվեց։ Անհայտ անձնինք, զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, մուտք գործեցին պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու։ Օրեր անց ոստիկանությունը հայտարարեց կասկածյալների անունները. նրանք էին ծայրեղական իսլամիստներ Սայիդ և Շարիֆ Քուաշիները։