Իսպանական «Էլ Իմպարսիալ» պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քրիստոնյաների ժամանակը» հոդվածը, որի հեղինակն է ճանաչված լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոդվածում հեղինակը նշում է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: 1915-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մոտ 600.000 հայ, իսկ այլ տվյալներով՝ մեկ միլիոն ութ հարյուր հազար, կոտորվեցին այնպիսի քաղաքականության արդյունքում, որի նպատակն էր նրանց բնաջնջելը երկրի երեսից:

 

Այդ քաղաքականությունը միայն նրանց համայնքները ոչնչացնելուն չէր միտված, այն ենթադրում էր նաև նրանց ներկայության մասին հիշողության և դա ապացուցող պատմության մասունքների ջնջում: Քրիստոնյա հայերը, ինչպես հույները, ենթարկվեցին ձերբակալությունների, զանգվածային սպանությունների, վտարումների և անապատներում հոգնատանջ դեգերումների, ինչի նպատակը նրանց կոտորելն էր: Նրանց գնա ցքներով տանում էին այն վայրեր, որտեղ մահանալու էին: Կանանց, երեխաներին և ծերերին վերապահվեց նույն ճակատագիրը, ինչ պատերազմի մասնակցելու տարիքի հասած տղամարդկանց: Սակայն կայսրության վեց հայկական նահագների ոչնչացումը սկսվել էր նախքան 1915 թվականը:

 

Հեղինակը նաև նշում է, որ 1894-1896թթ. համիդյան ջարդերը սարսափ տարածեցին կայսրության քրիստոնյա փոքրամասնության շրջանակում: 1909թ. կոտորածի թատերաբեմ դարձան Ադանան և Կիլիկիայի այլ քաղաքաներն ու գյուղերը: Երբ 1915թ. ապրիլի 23-24-ին Կոստանդնուպոլսում 250 հայ մտավորական ձերբակալվեց, համայնքի բնաջնջման ուղին արդեն գծված էր: Հաջորդող օրերին ձերբակալումները հասան 2400-ի:

 

Հոդվածում շեշտվում է, որ տասնամյակներ շարունակ իրար հաջորդող անպատժելի բռնության դրվագները կերտել էին այն ճանապարհը, որը տանում էր դեպի ցեղասպանություն: Իհարկե, այնտեղ, որտեղ հայերը կարողացան դիմադրել, պայքարեցին դեմ առ դեմ: Որոշ վայրերում, ինչպես օրինակ Մուսա լեռում, որն անմահացվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, կարողացան դիմադրել թուրքական հարձակումներին 1915թ. հուլիսից սեպտեմբեր, մինչև ֆրանսիական և բրիտանական նավերը ունակ եղան փրկելու նրանց:

 

Հարկ է հիշատակել նաև մահմեդականներին. նրանցից շատերը արաբներ էին, որոնք չհամագործեցին թուրքերի հետ և փորձեցին օգնել քրիստոնյաներին: Նրանք այն բանի ապացույցն էին, որ կարելի էր այլ կերպ գործել: Սակայն, կայսրության հայերի մեծամասնությունը սպանվեց, և նրանց մասին հիշողությունը ջնջվեց մեկընդմիշտ: Աշխարհը չի կարող կրկին անգամ քրիստոնյաների ոչնչացման անտարբեր վկա լինել: Ոչ ոք չգնաց պատերազմ' հայերին պաշտպանելու համար: Զգուշավոր լինելով իրենց տարածքի իսլամական բնակչությունից' ո՛չ Բրիտանական, ո՛չ Ֆրանսիական կայսրությունները քայլեր չձեռնարկեցին հայերին փրկելու ուղղությամբ: Այո՛, դա արեցին ռուսները, սակայն անհավասարաչափ արդյուքներով: Նրանց բանակում կռվում էին Ցարի կայսրությունում ապրող հայերը: Վերջիվերջո, Հայաստանի Հանրապետությունը, նախ միայնակ, ապա ինտեգրված ԽՍՀՄ-ում, փրկեց հայերին:

 

Հեղինակը հոդվածն ավարտում է այս խոսքերով. «Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, որը նշվում է ապրիլի 24-ին, մեզ վրա պարտականություն է դնում' հիշելու և պատասխանատուն դառնալու առ այն, որ այն երբեք չկրկնվի որևէ ժողովրդի, որևէ համայնքի կամ որևէ կրոնական խմբի հետ: Այդ պատճառով 2015թ. մեր թերթի այս առաջին հոդվածը, պահանջում է արդարություն և օգնություն Միջին Արևելքի քրիստոնյաների համար»: