Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014 թվականին նվազել են համապատասխանաբար 3.5 և 0.7 տոկոսով:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, նվազել է նաև դրանց գների կուտակային ցուցանիշը: «Այսինքն՝ հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 3.4 և 2.2 տոկոսով:

 

Տարվա ընթացքում նկատվել են դրանց գների էական փոփոխություններ, որոշ ամիսներին գներն զգալի աճել են, որոշ ամիսների' նվազել: Երբ միջազգային գներն աշխարհում էականորեն նվազեցին, Հայաստանում ևս նվազման միտում նկատվեց: Այս տարի հունվարին ևս արդեն նկատվում է մինչև 10 դրամի նվազում, սակայն ընդհանուր պատկերը պարզ կլինի ավելի ուշ»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Նշենք, որ Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել էին համապատասխանաբար, 2.6 և 3.5 տոկոսով: Դրանից առաջ որոշակի ժամանակահատված գների անկում էր նկատվում: