Շիրակի թեմի առաջնորդը գյումրեցիներին վիշտը զուսպ ու աղոթքով տանելու կոչ է անում: Հունվարի 20-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կատարվեց հոգեհանստի կարգ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սրբազանը կարգից հետո դիմելով եկեղեցում հավաքված ժողովրդին՝ նախ փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գերեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առթիվ: «Երեկ, երբ փոքրիկի մահվան լուրը հասավ, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը հեռախոսազագով անձնապես հայտնեց իր խոր վիշտն ու ցավակցությունը, իսկ այսօր ուղղարկել է իր ցավակցական գիրը»,- նշեց թեմի առաջնորդը:

 

«Ավաղ, այսօր մենք բոլորս հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, ով յոթ օր ու յոթ գիշեր բոլորիս ուշադրության ներքո էր: Մենք բոլորս աղոթեցինք մանկան համար՝ իմանալով, որ մեր աղոթքը կարող է տեղ չհասնել, որովհետև ծանր ու խորն էր վերքը:Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին, լինի իր մայրիկի հետ: Առաջին անգամ կուզեի լինել մի պարզ մարդ ու կանգնել եկեղեցու մի անկյունում ու աղիողորմ լաց լինել: Բայց ես լացելու իրավունք չունեմ, քանի որ իմ պատգամն է օգնել ձեզ, փարատել ձեր վիշտը և մխիթարել: Դրա համար էլ հիմա այստեղ եմ և փարատում եմ:

 

Հանձին Ավետիսյանների՝ մենք նոր բարեխոսներ ունենք երկնքում: Յոթերորդ զոհը պատգամ է ուղարկում՝ հանգիստ եղեք, խաղաղ եղեք, մենք երկնքի արքայության մեջ ենք»,- ընդգծեց սրբազանը՝ կոչ անելով այս օրերի ընթացաքում լուռ վիշտը տանել:

 

«Ավետիսյանները վերևից պատգամում են՝ հանգիստ եղեք, խաղաղ եղեք: Մենք երկնքի արքայության մեջ ենք, այսքանով բավարար են մեր կորուստները: Եվ, հետևաբար, այսօր և վաղը մենք պետք է մեր վիշտը տանենք զուսպ ու աղոթքով: Ութերորդ զոհ չպետք է լինի՝ անկախ ազգությունից, դավանանքից, անկախ այն բանից՝ այդ անձնավորություն գյումրեցի է, թե ոչ:

 

Ոչ մեկի վրա ձեռք չպետք է բարձրացվի այս երկու ու հաջորդող օրերի ընթացքում ՝ սա է այս փոքրիկի կոչը: Այսօր, վաղը և հաջորդ օրը բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք»,- նշեց սրբազանն՝ ավելացնելով, որ Ավետիսյանների ընտանքի հարազատները պետք է գիտենան, որ վշտակից ենք ու սա համազգային ողբերգություն է: