«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված հեպատիտ C ինֆեկցիայի հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ, իսկ մեղավորները կկրեն արժանի պատիժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ներհիվանդանոցային վարակներն ամբողջ աշխարհում իրականություն են, այդ թվում զարգացած երկրներում: Հեպատիտ C-ն բացառություն չէ և բացառություն չեն նաև Հայաստանի բուժհիմնարկները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատում է նաև առողջապահության նախարարության աշխատանքային խումբը, որը Քաջարանից վերադարձել է երեկ, քննարկվել են նյութերը: Քրեական գործի շրջանակներում կլինեն համապատասխան որոշումներ և բոլորը տեղեկացված կլինեն դրանց վերաբերյալ»,- ասաց Մուրադյանը:

 

Նրա խոսքով՝ Քաջարանի դեպքի առնչությամբ եղել է երկու խորհրդակցություն և այս հարցը ներկայում օրակարգարյին ամենակարևոր խնդիրներից մեկն է: 2014 թվականի հոկտեմբերի 31-ին եղել է նախարարի հրամանը, որով ներհիվանդանոցային վարակների կանխման նպատակով հանրապետության ողջ առողջապահական ցանցում անցկացվում են մշտադիտարկումներ: Դրանց արդյունքները կքննարկվեն առաջիկայում:

 

Ուսումնասիրությունների արդյունքում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ: Այդ առթիվ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությանկողմից վարչական վարույթ է հարուցվել։ Քաջարանի բժշկական կենտրոնո ւմ վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին' Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։