ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Ուկրաինայում վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խիստ անհանգստացած ենք վերջերս արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ, որն իրականացնում են ռուսամետ ուժերը ռուսական կողմի աջակցությամբ, ռուսական տեխնիկայով, ռուսական կողմի ֆինանսավորմամբ, ռուսական զինծառայողների օգնությամբ»,-հայտարարել է նա:

 

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շարունակելու է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: «Մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը վաղուց ենք որդեգրել, և որը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանն է ուղղված: Մենք շարունակելու ենք խորհրդատվությունները մեր գործընկերների հետ, հատկապես եվրոպացիների, որպեսզի համոզվենք, որ նրանք այդ հարցում կիսում են մեր տեսակետը»,-ասել է Օբաման:

 

Մոսկվան, միաժամանակ, ոչ մեկ անգամ է հայտարարել, որ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա չի տրամադրել, կապ չունի ուկրաինական ներպետական ճգնաժամի հետ և ցանկանում է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը: