Հայաստանի արտահանողների համար բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ռուսական շուկայում տիրող անորոշությունների հետևանքով: Պատվերների բացակայության և ռուբլու արժեզրկման պատճառով արտադրողները չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները ՌԴ շուկաներում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են այդ խնդիրը և կփորձեն լուծումներ գտնել: «Ցանկանում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել այն վնասները, որ կրում են արտահանողները ՌԴ շուկաներում ճգնաժամային իրավիճակի արդյունքում: Խոսքը վերաբերում է հիմնականում գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մակարյանը:

 

Գործատուների միության նախագահի խոսքով՝ Հայաստանի արտահանողները ուշ արձագանքեցին Ռուսաստանում կատարվող իրադարձություններին' արդյունքում կրելով մեծ վնասներ: «Մեր խնդիրն այն է, որ չունենք կոնսոլիդացված բրենդ, իսկ առանձին ընկերությունները փոքր քանակությամբ են արտահանում կատարում և չեն կարող գրավել շուկաներ:

 

ՌԴ շուկայում ստեղծված իրավիճակից կարողացան օգտվել, օրինակ, Թուրքիայի կամ Ղազախստանի գործարարները, բայց ոչ հայերը»,- ասաց նա: Մակարյանը նշեց, որ իր համար դեռ պարզ չի' Ռուսաստանը ինչպես է շարունակելու իր քաղաքականությունն այլ երկրների հանդեպ, սակայն ընդգծեց, որ դա ազդելու է Հայաստանի գործարարների և տնտեսության վրա: