«Իմ անցյալը թույլ չի տալիս հրաժարվել զինվորականի կեցվածքից, ինքս չեմ կարողանում այդքան շուտ ազատվել այդ «բրենդից»: Իրականում, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք անընդհատ
հետևելու այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին
փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:
Նրա խոսքերով՝ Արևմուտքում պետական ծառայության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նախկին սպաները, որոնք կարողանում են ճիշտ և ճկուն քաղաքականություն վարել։ Նա նշել է, որ դա դրական կլինի և անհրաժեշտ նաև մեր երկրի համար. «Մի օր պետք է հասկանան, որ վստահված գործը պետք է կատարվի, իսկ դա չեն անում բարեկամներով, խնամիներով»:
Արթուր Աղաբեկյանը ասել է, որ ժամանակին, երբ ինքը փոխնախարար էր, առաջարկում էր (ՀԿ-ների հետ
միասին), որ քաղաքացիական ծառայողի պաշտոն ստանձնող անձը զինծառայություն անցած լինի: Սակայն դա չանցավ: Այժմ ևս կարծում է, որ պետք է խիստ մոտեցում ցուցաբերել: «Չծառայածների նկատմամբ հանրային ընկալումը բացասական է: Ե՛վ ժամանակին, երբ պաշտպանության փոխնախարար էի, ապա՝ ԱԺ պատգամավոր, և՛ հիմա շատ են պատահում, երբ ծանոթ մարդ է հանդիպում ու ասում՝ ինչ անեմ, որ իմ տղան խուսափի ծառայելուց: Ես ասում եմ, որ օգտակար չեմ կարող լինել, բայց տարիներ հետո փոշմանելու եք, ձեր երեխայի բախտի վրա քար մի գցեք»,- ասել է Արթուր Աղաբեկյանը:
Մենք ունենք մեկ հակառակորդ և, գեներալի խոսքերով, պետք է ջայլամի քաղաքականություն չվարենք, այլ հստակ նշենք նրան որպես «թշնամի երկիր»՝ չխուսափելով այդ բառից: Նա նշել է նաև, որ մենք պետք է ունենանք ՀՆԱ-ի երկնիշ աճ, և դա կլինի հիմք՝ թշնամուն հաղթելու համար: Արցախում համայնքային կառավարման կարևորագույն խնդիր Ա. Աղաբեկյանը համարում է ջրի խնդիրը՝ նշելով, որ առաջիկա 4 տարիներին ջրամատակարարման հարցը կլուծվի: