Աշխարհում այսօր նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: ՄԱԿ-ի որոշմամբ' Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեական ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել հունվարի 27-ը, քանզի 1945 թվականի այդ օրն է ազատագրվել Օսվենցիմի (Աուշվիցի) ամենամեծ համակետրոնացմարուն ճամբարը: Հայաստանի փոքրաթիվ հրեական համայնքն էլ հիշատակի արարողություն կանցկացնի Ե րևանում Հոլոքոստի զոհերի հուշաքարի մոտ' հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, այս տարի հիշատակի արարողության նախաձեռնությունն իրենց վրա է վերցրել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, ինչը շատ կարևոր և հաճելի է: Նախ' ծաղիկներ կդրվեն անմեղ զոհերի հուշարձանի մոտ, աղոթք կկարդա հրեական համայնքի հոգևոր առաջնորդ րաբբին և հիշատակի մոմեր կվառվեն: Ներկա կլինեն Հայաստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը, ՀՀ նախագահի գրասենյակի և ՀՀ պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ: «Ապա Ազգային գրադարանում տեղի կունենա Հոլոքոստի թեմայով պաստառների, գրքերի, ֆիլմերի և հրատարակությունների ցուցադրություն, ելույթ կունենա Ազգային գրադարանի տնօրենը: Կհնչի հայաստանաբնակ հրեա կոմպոզիտոր Վիլի Վայների երաժշտությունը»,- ասաց Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:
Հայաստանում ապրող' Հոլոքոստը վերապրածներից չորսն են ողջ մնացել, ովքեր շատ փոքր են եղել, երբ իրականացվել է հրեաների ցեղասպանությունը: Մեծ մասը Հոլոքոստի զոհերի և վերապրածների երկրորդ սերունդն են: «Հայերին հեշտ է հասկանալ մեր ցավը, քանի որ նրանք նույնպես վերապրել են այդ արհավիրքները»,- նշեց Վարժապետյանը: Նրա խոսքով հայ և հրեա ժողովուրդները շատ նման են իրար և միշտ փոխըմբռնող են եղել: Շատ հայ ընտանիքներ 1945 թվականին փրկել են հրեաների: «Մեր տվյալներով' քսանչորս «Աշխարհի արդարակյացներ» են եղել, ովքեր Հայաստանից դուրս հրեաների են փրկել կոտորվելուց: Սա շատ մեծ թիվ է, մանավանդ որ այստեղ ճակատ չի եղել: Մենք վստահ ենք, որ եթե ճակատն անցներ Հայաստանով հայերը կփրկեին հրեաներին»,- ընդգծում է Վարժապետյանը:
Նրա խոսքով' համայնքն առավել գնահատում է երիտասարդ սերնդի ուշադրությունը: Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը պատմում է, որ 15-ամյա պատանի նկարիչ Միքայել Հարությունյանը, լսելով իր պատմությունը, կարդալով համապատասխան գրականություն, նկար է նվիրել համայնքին և, չբացելով փակագծերը, հպարտությամբ հավելում, որ այդ նկարը Մոսկվայում ներկայացվելու է հրեական կարևոր նկարչական մրցույթի:
Համաձայն իսրայելական «Աղետի մասին օրենքի» (1951) «Աշխարհի արդարակյացներ » կոչումն են ստանում Եվրոպայում նացիստական օկուպացիայի, Հոլոքոստի ժամանակ հրեաներ փրկած և դրանով իրենց կյանքը վտանգած ոչ հրեաները։