Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողը՝ Microsoft-ը, երկրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, 11 տոկոով նվազեցրել է զուտ շահույթը, չնայած 8 տոկոսով հասույթի աճին: Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընկերության ֆինանսական արդյունքները շուկայի սպասումներից ավելի լավ են եղել:

 

Շահույթի կրճատման հիմնական գործոններ են դարձել ձեռք բերված ակտիվների կապակցությամբ ինտեգրացման և վերակառուցավորման ծախսերը և Windows և Xbox արտադրանքների գների նվազումը:

 

Ինչպես սպասվում է, գների նվազումը հեռանկարում կամրապնդի Microsoft-ի մրցակցային դիրքերը, բայց կարճ ժամկետում այն բացասական ազդեցություն է գործում ֆինանսական ցուցանիշների վրա: Microsoft-ի ծրագրային ապահովման թույլատրագրերի վաճառքները տուժել են Չինաստանում, Ճապոնիայում և այլ երկրներում դիտվող անկման պատճառով:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, հոկտեմբեր - դեկտեմբերին Microsoft-ի զուտ շահույթը նվազել է մինչև 5,9 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով մինչև 0,71 դոլար՝ 6,6 միլիարդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,78 դոլարի համեմատությամբ, որոնք ստացվել են մեկ տարի առաջվա զուգադրելի ժամանակահատվածում: Ըստ որում հասույթը 24,52 միլիարդ դոլարից ավելացել է մինչև 26,3 միլիարդ դոլար: