Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այս տարի էլ կլինի երկրի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական կետերից մեկը, սակայն որեւէ բեկում այս հարցում անհնար է ակնկալել: Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանի, հակամարտության կարգավորման հարցում նման ակնկալիքներ ունենալու հիմքեր չկան: «Կան սադրանքներ, չկա վստահությո ւն, որ ապակայունացումը մոտ ապագայում կդադարի:

 

Ամբողջ տարվա ընթացքում լարվածությունը կպահպանվի: Փաստորեն մեր հարեւանը որեւէ այլ լեզու չի հասկանում, չկա վստահության մեխանիզմ, հետաքննության մեխանիզմի շուրջ խորհդատվական հանդիպումներ ու հնարավոր որոշումներ կայացնելու հավաստիացումներ չկան, խաղաղ ճանապահով կարգավորելու հարցն էլ չի աշխատում, քանի որ Ադրբեջանը հանդիպումների ժամանակ մի բան է ասում եւ անում, Բաքվում եւ սահմանին' հակառակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Կարեն Բեքարյանը' հավելելով, ո ր անկախ տարաբնույթ քաղաքական հայացքներից եւ քաղաքացիական որոշակի կեցվածքից, հանրությունը հասկանում է, որ պետք է համախմբվի եւ կանգնի բանակի թիկունքին: Այս հարցում, ըստ քաղաքագետի, որոշիչ էր ՀՀ նախագահի ելույթը, որը որոշ հստակեցումներ մտցրեց:

 

«Հայտարարվեց, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում իրականացնելու կանխարգելիչ գործողություններ: Սա շատ կարեւոր հայտարարություն էր, մինչ այդ հայկական կողմը նման կերպ չէր արտահայտվում: Սրանք պետք է զգոնության կոչ անեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն դրա հույսը չկա»,-նշեց քաղաքագետը:

 

Ըստ Բեքարյանի, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որեւէ դրական ակնկալիք գոյություն չունի եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջարկ ներկայացնող համանախագահներն էլ նոր առաջարկ չունեն: «Նրանք հասկանում են, որ Մադրիդյան սկզբունքների փաթեթը իրական կյանքի հետ դադարում է որեւէ առնչություն ունենալ: Հնարավոր չէ խոսել զիջումների մասին, երբ քո հարեւանը խնդիրը դիտարկում է թշնամական դիրքերից եւ շարունակում համայն հայության ոչնչացման գաղափարախոսության տարածումը: Սա վերածվում է աբսուրդի: Երկարաժամկետ եւ հեռանկարային առումով գուցե Մադրիդյան սկզբունքները կյանք ունեն, բայց այսօր դրա մասին խոսել Ադրբեջանի այս քաղաքականության պարագայում, շատ բարդ է»,- ասաց Բեքարյանը' հավելելով, որ ԼՂ հիմնախնդիրը չի սկսվում եւ ավարտվում բանակցային գործընթացում:

 

Այս պարագայում քաղաքագետը կարեւորում է միջազգային ճանաչման, Ղարաբաղի պետականաշինության գործընթացը: Հայաստանի եւ Արցախի միջեւ ներքին ինտեգրացիոն գործընթացն, ըստ Բեքարյանի, նույնպես պետք է բարձրացվի ավելի բարձր մակարդակի: