Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրացիոն ուղղությունն այս տարի նոր թափ կստանա, եւ հնարավորություններն ու անելիքները պետք է իրականացնել:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, այս տարի մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ արեւելյան գործընկերների գագաթնաժողովը մի շարք հարցերի պատասխան կտա: Ըստ քաղաքագետի, կարեւոր չէ, թե Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվելիք փաստաթուղթն ինչ անվանում կունենա: «Կարեւորն այն է, որ մենք ԵՄ-ի հետ բոլոր ուղղություններով ե ւ ոլորտներում իրավապայմանագրային դաշտ ապահովենք, որը որեւէ կերպ պակաս չլինի ԱԼԳ մյուս գործընկերներից: Փոքրիկ տարբերություններով պետք է լինի նաեւ տնտեսական համագործակցության մասին պայմանագիր»,- ասաց Բեքարյանը' հավելելով, որ Հայաստանը նախաձեռնողականության հնարավորություն ունի, որը պետք է կիրառի:

 

Մայիսին Ռիգայում կկայանա ԵՄ արեւելյան գործընկերների գագաթնաժողովը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման նոր համաձայնագիր կկնքի: Այժմ կողմերը խորհրդատվական քննարկումներ են անցկացնում եւ հստակեցնում համատեղ ոլորտներն ու ուղղությունները: