Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Թուրիքայում հյուրընկալվել ցանկացող պետությունների թիվը ոչ մի կերպ ստվեր չի նետի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Երեկ հանրապետո ւթյան նախագահը շատ հստակ գնահատական տվեց Թուրքիայի իշխանությունների որոշմանը' վերախմբագրելու սեփական երկրի պատմությունը' քաղաքական նկատառումներից ելնելով: Մենք թերահավատորեն ենք նայում այդ փորձերին' համարելով, որ դրանք ոչ միայն սին են, այլև վտանգավոր»,-ասաց նա:
Նրա խոսքով' Հայաստանը փորձելու է իր գործընկերներին հուշել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան հարմարեցված ամսաթվին որևէ տոնակատարությունների մասնակցությունը ոչ նպատակահարմար է: «Բայց ելնելով նրանից, որ կարող են լինել շահեր ու հետաքրքրություններ, որոնք պետությունների որոշ ղեկավարների կուղղեն դեպի Թուրքիա, ես չեմ կարծում, որ դրանք որևէ ձևով մեզ մոտ իրականացվող ոգեկոչման միջոցառումների հետ պետք է կապել: Մենք ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար, այլ որ մենք ունենք մեր պայքարը, որի տեր ն ենք: Եթե մեր բարեկամները գալիս են կանգնելու մեր կողքին, մենք բարձր ենք գնահատում դա, եթե նախընտրում են այդ օրը լինել Թուրքիայում, անում ենք մեր եզրահանգումները»,-եզրափակեց պաշտոնյան:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել էր Թուրքիա ապրիլի 24-ին ներկա գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի արարողությանը, որը թուրքական իշխանությունների թեթև ձեռքով համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա հետ: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ հրավերն ուղարկվել է 102 երկրների ղեկավարների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան նամակով արձագանքեց Էրդողանի նամակին: