Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը 2014 թվականին կառույցի կատարած աշխատանքների արդյունքներին նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստում խուսափել է նշել հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական բանակի տված մեծ կորուստների մասին' նշելով միայն, որ Ադրբեջանի զինված ուժերում, 2013 թվականի համեմատ, 2014 թվականին «ոչ ռազմական հանցագործությունները» 1,7 տոկոսով աճել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով այդ երկրի Ռազմական դատախազության մամուլի ծառայությանը:

 

Վելիեւը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում հանցագործությունների աճը գրանցվել է հիմնականում ենթարկվելու կանոնների խախտման, դասալքության, ավտոտրանսպորտի շահագործման եւ կառավարման կանոնների խախտման, միտումնավոր վնաս հասցնելու, միտումնավոր սպանությունների եւ խուլիգանության հանցագործությունների գծով:

 

Նրա խոսքով' հիշյալ հանցագործությունների յուրաքանչյուր փաստով Ռազմական դատախազությունը քրեական գործեր է հարուցել' չնշելով, թե դրանց որ մասն է բացահայտվել:

 

Ադրբեջանի «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքում հրապարակած տեղեկագրում հայտնել է, որ 2014 թվականի ընթացքում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 91 զինծառայող, որոնցից 58-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: (Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է' 77 կորուստ, 115 վիրավոր' չնշելով, թե այդ կորուստների որ մասն է մարտական, որը' ոչ մարտական)

 

2014 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհվել են 11 զինծառայողներ: 17 զինծառայողներ ինքնասպանություն են գործել կամ էլ մահացել անզգուշությունից: Անցյալ տարի 13 հոգի մահացել է ավտովթարից, 3 հոգի' դժբախտ դեպքից (ջրում խեղդվելու, էլեկտրականությունից հոսանքահարվելու), 4-ը' անհայտ պատճառով, 10-ը' հիվանդությունից եւ այլն:

 

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցրել էր անցյալ տարվա օգոստոսին եւ դրանից հետո սեփական բանակի սադրիչ դիվերսիոն գործողությունների ժամանակ հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի բազմաթիվ զինվորներ ոչնչացվելու փաստերը, սոցցանցերի ադրբեջանցիների էջերում տարածվել են նրանց լուսանկարներն ու անունները:

 

Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ եւ ՀՀ ՊՆ տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը' հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գ ործողությունների արդյունքում 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 28 զոհ եւ 27 վիրավոր: