Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում:
Հավանություն է տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ 1 միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված և 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր: