Զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների խախտումները 2014 թվականին 2013 թ. համեմատ նվազել են 12 դեպքով և կազմել 65 դեպք: 2013 թվականին գրանցվել է իրավունքների խախտման 77 դեպք: Այս մասին լրագրողների հետ հունվարի 30-ին կայացած հանդիպմանը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը' ներկայացնելով ԽԱՊԿ 2014թ. տարեկան զեկույցը: «Եթե փորձեմ ընդհանուր գնահատական տալ 2014թվականի Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին, ապա պետք է արձանագրեմ, որ մեզ մոտ լրագրողների նկատմամբ շարունակում են արձանագրվել ճնշումներ, տեղեկատվությունը տարածելու խոչընդոտներ և խախտումներ, և դեռ լավ է, որ մեր լրագրողները, դիմադրելով, պայքարելով վերը նշված երևույթների դեմ, կարողանում են հանրությանը ներկայացնել զանազան տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:
ԽԱՊԿ նախագահն անդրադարձավ նաև ոլորտի օրենսդրական կարգավորման խնդրին. «Անցած տարի մարտի 4-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը' բոլորիս հայտնի «ֆեյքերի» մասին օրինագիծը, որը լուրջ դժգոհությունների առիթ էր հանդիսացել և լրագրողական 9 կազմակերպություն պահանջեցին այդ օրինագիծը հանել և խորհրդարանական լսումներից հետո այդ օրենքին այլևս չանդրադարձան»,- ընդգծեց Մելիքյանը:
2014 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք, որը 1-ով պակաս է 2013 թվականի համեմատ: ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների նվազել են 14-ով և կազմել 43, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը ավելացել են< i style="line-height: 1.3;"> 3-ով և կազմել են 13 դեպք' 2013 թվականի համեմատ:
2014թվականին տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 դատական հայց, որոնցից 17-ը վերաբերում են վիրավորանքին և զրպարտությանը, 3-ը՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն, 1-ը՝ այլ բնույթի: