Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը համաժողովրդական շարժման լիդեր է տեսնում Գագիկ Ծառուկյանին: Հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Տիգրան Կարապետյանը: «Եռյակ չկա, կա ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Ծառուկյանն է, իմ տեղեկություններով փետրվարի հինգին պետք է հավաքվեն ուժերը: Այնտեղ էլ խնդիրը նրանում է, ինչպես ես եմ մտածում, պետք է թույլ չտրվի իշխան ությանը սահմանադրական փոփոխություններն առաջ քաշել, քանի որ դա իշխանության վերարտադրությանը կտանի»,-ասաց նա:

 

Հարցին ի պատասխան, թե ինչի մասին է վկայում այն, որ ՀԱԿ-ը և «Ժառանգության» առաջնորդը չեն մասնակցելու սպասվելիք խորհրդաժողովին, Տիգրան Կարապետյանը նշեց. «Ես համարում եմ, որ իրենք մեծ սխալ են անում: Իրենք ինքնուրույն չեն կարող մարդաշատ հանարահավաք կազմակերպել, մանավանդ, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին եմ խոսում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց քաղաքական գործիչը:

 

Տիգրան Կարապետյանը իշխանափոխություն կհամարի այն պարագան, երբ իշխանության գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ու կլինի նրանց կողքին: «Այո, ես որոշակի վերապահումներով դա կհամարեմ իշխանափոխություն: Ես որպես լիդեր տեսնում եմ Ծառուկյանին, որպես ղեկավար արդեն ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի: Թող ժողովուրդը լավագույնին ընտրի»,-հավելեց Տիգրան Կարապետյանը: