Ճապոնացի պատանդ Քենձի Գոտոյի հետ կապված իրավիճակը, ով «Իսլամական պետության» ձեռքում է, փակուղի է մտել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳՆ պետնախարար Յասուհիդե Նակայամանին, ով ղեկավարում է Ամանի ճգնաժամային շտաբը:

 

«Իրավիճակը փակուղի է մտել»,- ասել է նա: Ուրբաթ օրը Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն նշել է, որ «ոչ մի փոփոխություն չկա»:

 

ԻՊ-ի կողմից սահմանված վերջնաժամկետն ավարտվել է ավելի քան մեկուկես օր առաջ: Իրենց վերջին հաղորդագրությունում գրոհայինները պահանջել են մինչև հինգշաբթի օրվա վերջը պատանդներին փոխանակել կին մահապարտ Սաջիդա ար-Ռիշավիի հետ:

 

Սակայն ոչ մի հաղորդագրություն չկա, որ նրանց պայմանները կատարվել են: Ըստ հորդանանյան կառավարության վերջին հայտարարությունների՝ Սաջիդա ար-Ռիշավին դեռ բանտում է, քանի որ Հորդանանին չի հաջողվում ստանալ ապացույցն այն բանի, որ հորդանանյան պատանդ օդաչուն դեռ ողջ է: