ԱՄՆ Միչիգանի համալսարանի պատմաբան Ռոնալդ Սանին հրատարակել է գիրք Հայոց ցեղասպանության մասին' վերնագրելով այն այսպես «Նրանք ոչ մի տեղ չէին կարող ապրել, բացի անապատից. Հայոց ցեղասպանության պատմությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Harvard Magazine-ը, օրերս անցկացրած սեմինարի ժամանակ պատմաբանը ներկաներին պատմել է, որ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրության արևելյան հատվածում բնակվում էին շուրջ 2-2.5 միլիոն հայեր, որոնց 90 տոկոսը ոչնչացվեց: Սանին նշել է, որ նրանց մեծ մասը մի քանի ամսվա ընթացքում սպանվեց, աքսորվեց սիրիական անապատներ, որտեղ սովամահ եղավ կամ բռնի կրոնափոխվեց:
«Որևէ եզրույթ, որը կբնորոշեր կատարվածը, դեռևս չէր ստեղծվել: Այդ ժամանակ նրանք, ովքեր ցանկացան կատարվածն ինչ-որ բառով մեկնաբանել, այդ բառը վերցրեցին Աստվածաշնչից և անվանեցին «Հոլոքոստ»: Իմ պապերն էլ զոհերի թվում էին»,- նշել է պատմաբանը: Նա անդրադարձել է նաև Ցեղասպանության վերաբերյալ թուրքական և հայկական հասարակություններում առկա վերաբերմունքին:
Միչիգանի համալսարանի պատմաբանի հեղինակած գիրքը լույս կտեսնի մարտին: