Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողը՝ Microsoft-ը, երկրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել Է դեկտեմբերի 31-ին, 11 տոկոով նվազեցրել Է զուտ շահույթը, չնայած 8 տոկոսով հասույթի աճին: Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ֆինանսական արդյունքները շուկայի սպասումներից ավելի լավ են եղել:

 

Շահույթի կրճատման հիմնական գործոններ են դարձել ձեռք բերված ակտիվների կապակցությամբ ինտեգրացման եւ վերակառուցավորման ծախսերը եւ Windows եւ Xbox արտադրանքների գների նվազումը: Ինչպես սպասվում Է, գների նվազումը հեռանկարում կամրապնդի Microsoft-ի մրցակցային դիրքերը, բայց կարճ ժամկետում այն բացասական ազդեցություն Է գործում ֆինանսական ցուցանիշների վրա: Microsoft-ի ծրագրային ապահովման թույլատրագրերի վաճառքները տուժել են Չինաստանում, Ճապոնիայում եւ այլ երկրներում դիտվող անկման պատճառով:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հոկտեմբեր - դեկտեմբերին Microsoft-ի զուտ շահույթը նվազել Է մինչեւ 5,9 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով մինչեւ 0,71 դոլար՝ 6,6 միլիարդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,78 դոլարի համեմատությամբ, որոնք ստացվել են մեկ տարի առաջվա զուգադրելի ժամանակահատվածում: Ըստ որում հասույթը 24,52 միլիարդ դոլարից ավելացել Է մինչեւ 26,3 միլիարդ դոլար: