Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժխտել է «Իսլամական պետության» դիրքերին օդային հարվածներ հասցնելուն իր երկրի հնարավոր մասնակցությունը այն բանից հետո, երբ խմբավորման զինյալները սպանեցին Ճապոնիայի երկու քաղաքացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության ղեկավարը հայտարար ել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում կայացած քննարկումների ժամանակ:

 

«Օդային հարվածներին մեր մասնակցությունն անհնարին է,- ընդգծել է Աբեն:- Մենք չենք քննարկում նույնիսկ լոգիստիկական աջակցությունը»:

 

Վարչապետ Աբեն նաեւ հայտարարել է, որ մտադիր է հասնել այն բանին, որ իր երկիրը իրավունք ունենա ինքնապաշտպանության ազգային ուժերն օգտագործել արտասահմանում ահաբեկիչներից Ճապոնիայի քաղաքացիներին պաշտպանելու համար:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Աբեն նաեւ ասել է, որ ահաբեկչական ուժերին չհաջողվեց ահաբեկել Ճապոնիային եւ հարկադրել նրան՝ փոխելու իր դիրքորոշումը միջազգային ահաբեկության նկատմամբ:

 

«Ահաբեկիչները հույս ունեին, որ իրենց գործողությունները խուճապ կառաջացնեն եւ կփոխեն մեր երկրի դիրքորոշումը»,- ընդգծել է Աբեն՝ մեկնաբանելով ԻՊ-ի զինյալների կողմից ճապոնացի պատանդ Կենձի Գոտոյի սպանությունը: «Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրակցության հետ, որպեսզի կատարվածն անպատիժ չմնա»,- ասել է վարչապետը:

 

Ճապոնացի պատանդի սպանության տեսագրությունը ԻՊ-ի ներկայացուցիչները Համացանցում հրապարակել էին հունվարի 31-ի երեկոյան: Նախօրյակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ դատապարտել է կատարվածը, եւ ծայրահեղականների գործողությունները որակել «հրեշավոր եւ քստմնելի հանցագործություն»: