Հայաստանում տաքսի ծառայությունների գրանցման նոր կարգով պարզեցվել է լիցենզիաների տրամադրումը, սակայն խստացվել են գնացուցակի և հաշվիչ սարքի առկայության պահանջները:
Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը տեղեկացրեց, որ 2014 դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշների պահանջը հանվել է, իսկ լիցենզայի ստացման կարգից դուրս են բերվել այն կետերը, որոնք արդեն երկար ժամանակ անիրատեսական էին դարձել: «Օրենքի կարգավորման հիմքում խնդիր էր դրվել պարզեցնելու լիցենզիաների տրամադրումը, սակայն հարց առաջացավ նաև վերացնելու այն կետերը, որոնք իրատեսական չէին:
Դրանք վերաբերում են օրինակ ամենօրյա տեխզննումների և բուժզննումների պահանջին, որը տարիների ընթացքում դարձել էր ձևականություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սահակյանը: Նա պարզաբանեց, որ այսօր արդեն մասնավոր անձինք կարող են հեշտությամբ ստանալ լիցենզիաներ, ինչի համար վճարում են ամսական 12 հազար դրամ, որը ներառում է սոցվճարները, տուրքերն ու լիցենզիայի վճարները:
Վահագն Սահակյանը նաև նշեց, որ օրենքի փոփոխությամբ խստացվել է գնացուցակի և մեքենայի հաշվիչ սարքի առկայության պահանջը: «Նոր օրենքով ամրագրված է, որ մեքենայի դռան վրա պետք է գրված լինի նստելավարձի, փոխադրման նվազագույն վճարի, ինչպես նաև մեկ կիլոմետրի արժեքները: Տաքսու վարորդը պարտավոր է նախօրոք զգուշացնել իր տարիֆների մասին, իսկ եթե մեքենայի սրահում չկա գնացուցակ, ապա ուղևորը իրավունք ունի չվճարել, իսկ խախտման համար տաքսի ծառայությունը կենթարկվի տուգանքի' սկսած 10 հազար դրամից»,- ասաց նա:
Երևանյան տաքսի ծառայություններից մեկի սեփականատեր Լյովա Ավետիսյանն առանձնացրեց նոր օրենքի բացերը' ընդգծելով, որ լիցենզիաների տրամադրման պարզեցումը մեծացրել է վտանգը, որ ոչ ադեկվատ անձինք կարող են ստանալ տաքսի վարելու լիցենզիա' վտանգելով իրենց հաճախորդին: «Բացի այդ, կա ևս մեկ խնդիր: Երբ դեղին համարանիշների ժամանակ վարորդը խախտում էր կատարում, ապա Ոստիկանությունից հարցում էր գալիս, թե ով է կատարել խախտումը և նրանից էր գանձվում տուգանքը: Իսկ ներկայում' համարների փոփոխությունից հետո, խախտման համար տուգանքը գալիս է ոչ թե վարորդին, այլ մեքենայի սեփականատիրոջը, իսկ վարորդից հաճախ հնարավոր չի լինում պահանջել իր տուգանքի համար վճարում կատարել, քանի որ նա ազատվում է աշխատանքից»,- ասաց նա: Ավետիսյանը նաև նշեց, որ անհատների լիցենզիաների ստացման պարզեցումը կազմակերպությունների համար դժվարացրել է աշխատանքը, քանի որ վերջիններս չեն կարողնում վարորդեր գտնել: